Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կոմերցիոն կազմակերպություն է: Ընկերությունը կամավոր սկզբունքով սոցիալական ներդրումների ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում:

Առաջնորդվելով ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտով), FCPA (Foreign Corrupt Practices Act) նորմերով և  Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրության (United Kingdom Bribery Act) պահանջներով՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական օգնության համար դիմող կազմակերպությունների և համայնքների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշակել է  սոցիալական ներդրման ծրագրի առաջարկ ներկայացնելու հետևյալ ուղեցույցը:

Հիմնական դրույթներ

Սոցիալական ներդրումհամաձայն ISO 26000 միջազգային ստանդարտի՝ Սոցիալական ներդրումը ընկերության ռեսուրսների ներդրումն է հասարակական կյանքի սոցիալական, բնապահպանական և տնտեսական ոլորտների բարելավմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում: Սոցիալական ներդրումը կարող է առնչություն (չ)ունենալ կազմակերպության հիմնական գործառնական ծրագրերի հետ:

Ծրագիր – սոցիալական ներդրման նպատակների իրականացմանը ծառայող նախագծի մանրամասն նկարագրություն:

Ելնելով Սոցիալական ներդրումների քաղաքականությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը աջակցություն է ցուցաբերում հետևյալ ոլորտներին.

  • Տեխնոլոգիաներ և հաղորդակցություն
  • Կրթություն
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն
  • Սոցիալական և համայնքային զարգացման ծրագրեր
  • Առողջապահություն և անվտանգություն
  • Սպորտ, մշակույթ և արվեստ

Ծրագրի իրականացման միջոցներ.

  • Ոչ ֆինանսական օգնություն (ընկերության սարքավորումների/ծառայությունների տրամադրում)
  • Ֆինանսական օգնություն (ընկերության ֆինանսական միջոցների տրամադրում՝ որոշակի ծրագրերի իրականացման նպատակով)
  • Կամավորություն (ընկերության աշխատակիցների անձնական նախաձեռնությունները)


Ծրագրի գնահատում.

Ծրագրի գնահատումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը FCPA (Foreign Corrupt Practices Act) նորմերին, Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրության (United Kingdom Bribery Act) պահանջներին, ISO 26000 Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտին, ինչպես նաև ընկերության հիմնարար արժեքներին:

Ընկերությունը ազատ է ծրագրերի ընտրության հարցում և պարտավորություն չի կրում աջակցելու որևէ առաջարկված ծրագրի:

Դիմումի ներկայացման ցուցումներ.

Ծրագրի առաջարկը պետք է ներառի հետևյալ ինֆորմացիան՝

Տվյալներ՝ դիմորդի վերաբերյալ, ծրագրի մանրամասն նկարագրություն՝ ամսաթիվ, ժամանակահատված, անցկացման վայր, ծրագրի ընթացիկ և թիրախային շահառուներ, կոնտակտային տվյալներ, ծրագրի համար նախատեսվող բյուջե, այլ հովանավորների և գործընկերների ցանկ, եթե այդպիսիք առկա են:

Ինչպե՞ս դիմել ՎիվաՍել-ՄՏՍ-ին.

Ծրագրերի առաջարկները պետք է ուղարկել info@mts.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ հանձնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ՝ սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Ծրագրի ընդունման դեպքում դիմորդը տեղեկացվում է այդ մասին 14 աշխատանքային օրվա ընթացքում: Հակառակ դեպքում, ծրագրի առաջարկը համարվում է մերժված: