Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ

1. Սահմանումներ
 
«Օպերատոր» կամ « ՎիվաՍել- ՄՏՍ». «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություն` պատշաճ կերպով հիմնադրված և Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման համար արտոնագրված ընկերություն:
 
«Ավելացված արժեքի ծառայություններ մատուցող» կամ «ԱԱԾՄ». Օպերատորի վեբ կայքում որպես Ծառայություն մատուցող նշված անձինք: Օպերատորը համարվում է ԱԱԾՄ միայն այն դեպքում, եթե որոշակի Ծառայության համար ոչ մի այլ անձ չի նշված որպես ԱԱԾՄ:
 
«Բաժանորդ». Օպերատորի կողմից տրամադրվող բջջային հեռահաղորդակցության ծառայությունների ցանկացած կանխավճարային կամ հետվճարային բաժանորդ:
 
«Ծառայություն». Բաժանորդի պահանջով ԱԱԾՄ-ի կողմից մատուցվող ծառայություն, ապրանքատեսակ կամ բովանդակություն: Բաժանորդը Ծառայություններից օգտվելու հնարավորություն է ստանում Օպերատորի ծառայությունների և սարքավորումների շնորհիվ: Բաժանորդներին հասանելի Ծառայությունների ցանկը հրապարակված է Օպերատորի վեբ կայքում:
 
«Ծառայության վճար». ԱԱԾՄ-ի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դիմաց Բաժանորդից գանձվող վճարը, որը հրապարակված է Օպերատորի վեբ կայքում և կարող է պարբերաբար վերանայվել: Ծառայության վճարը ներառում է Ծառայությունների դիմաց ԱԱԾՄ-ին վճարվող գումարը, և Օպերատորի վարձատրությունը` Ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելու համար:
 
«Բաժանորդի պահանջ». SMS, IVR, USSD կամ Ծառայություններից օգտվելու պահանջ ներկայացնելու համար սովորաբար օգտագործվող այլ միջոցով Օպերատորի կողմից Բաժանորդի հեռախոսահամարից ստացած ցանկացած պահանջ, այդ թվում` ցանկացած հաղորդագրություն, ծածկագիր, հրահանգ, զանգ կամ ազդանշան, ինչպես նկարագրված է Օպերատորի և/կամ ԱԱԾՄ-ի վեբ կայքում: Բաժանորդներին Ծառայություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու համար Օպերատորը կարող է օգտագործել հատուկ համարներ կամ հրահանգներ:
 
«IVR». Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգ:
 
«SMS». Կարճ հաղորդագրությունների համակարգ, ինչպես նաև Կարճ հաղորդագրությունների համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրություն:
 
«USSD». Unstructured Supplementary Service Data (Բաժանորդի և Ծառայությունն ապահովող համակարգի միջև կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ կապ ապահովող ծառայություն):
 
«Օպերատորի վեբ կայք». www.vivacell.am հասցեով տեղակայված վեբ կայքը:
 
«ԱԱԾՄ-ի վեբ կայք». ԱԱԾՄ-ի վեբ կայքը, որը նշված է Օպերատորի վեբ կայքում:
 
«Կողմ». Օպերատոր, ԱԱԾՄ կամ Բաժանորդ:
 
 
2. Ընդհանուր պայմաններ
 
2.1. Սույն փաստաթուղթը («Ինտերակտիվ ծառայությունների և բովանդակության մատուցման ընդհանուր պայմաններ» կամ «Ընդհանուր պայմաններ») Օպերատորի կողմից կատարվող բաց առաջարկ է, որը սահմանում է Բաժանորդին Ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելու ընդհանուր պայմանները:
 
2.2. «Ընդհանուր պայմանները» համարվում են Բաժանորդի կողմից ընդունված` իր կողմից ցանկացած Ծառայության պահանջ ներկայացնելուն պես:
 
2.3. Օպերատորը երաշխավորում է, որ իր վեբ կայքում նշված յուրաքանչյուր ԱԱԾՄ ծանոթացել և պարտավորվել է հետևել «Ընդհանուր պայմանների» պահանջներին:
 
2.4. Անկախ սույն «Ընդհանուր պայմանների» այլ դրույթներից, եթե որևէ Ծառայության համար Օպերատորը հանդիսանում է ԱԱԾՄ, ապա տվյալ Ծառայությունը մատուցելու հարցում Օպերատորը ենթարկվում է սույնով ԱԱԾՄ-ներին ներկայացվող բոլոր պահանջներին:
 
2.5. Համապատասխան բաժանորդային պայմանագրով Օպերատորի կողմից մատուցվող բջջային հեռախոսակապի ծառայությունների նկատմամբ սովորաբար կիրառվող ընդհանուր պայմանները կիրառվում են նաև «Ընդհանուր պայմաններով» նախատեսված Ծառայությունների նկատմամբ` այնքանով, որքանով դրանք չեն հակասում «Ընդհանուր պայմաններին»:
 
 
3. Հատուկ պայմաններ
 
3.1. Նախքան որևէ Ծառայության մեկնարկը ԱԱԾՄ-ն հանրությանը հասու է դարձնում «Հատուկ պայմանները», ինչը համարվում է տվյալ Ծառայության մատուցման բաց առաջարկ: «Հատուկ պայմանները» կարող են հրապարակվել կանոնների և հրահանգների ձևով և կարող են չանվանվել «Հատուկ պայմաններ»: «Հատուկ պայմաններում» կատարվող ցանկացած փոփոխություն պետք է հրապարակվի նույն կերպ, ինչպես հրապարակվել են սկզբնական «Հատուկ պայմանները»:
 
3.2. «Հատուկ պայմանները» համարվում են Բաժանորդի կողմից ընկալված և ընդունված` իր կողմից որոշակի Ծառայության պահանջ ներկայացնելուն պես:
 
3.3. Բաժանորդի կողմից ընդունված «Հատուկ պայմանները»` «Ընդհանուր պայմանների» հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի, ԱԱԾՄ-ի, Բաժանորդի և, եթե կիրառելի է, երրորդ կողմերի միջև հարաբերությունները կարգավորող պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր:
 
3.4. Բոլոր Կողմերը գիտակցում են, որ Ծառայություններից օգտվելու համար օգտագործվող համարները կամ հրահանգները, որևէ համարի կամ հրահանգի միջոցով գործող Ծառայությունները, ինչպես նաև յուրաքանչյուր Ծառայության համար կիրառելի «Հատուկ պայմանները» կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել` առանց նախազգուշացման: Նման փոփոխությունների հրապարակումը պարտադիր է միայն Օպերատորի և/կամ ԱԱԾՄ-ի վեբ կայքում: Ավելին, «Հատուկ պայմանների» բոլոր մանրամասները կարող են չարտացոլվել գովազդային կամ շուկայում ծառայության առաջխաղացմանն ուղղված նյութերում: Հետևաբար որևէ Ծառայությունից օգտվելուց առաջ Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ծանոթանալ «Հատուկ պայմաններին»:
 
 
4. Ծառայություններ
 
4.1. ԱԱԾՄ-ին Բաժանորդի պահանջները, իսկ Բաժանորդին ԱԱԾՄ-ի պատասխանները փոխանցելիս, կամ Բաժանորդի կողմից պահանջված և/կամ նրան մատուցած Ծառայությունների համար ԱԱԾՄ-ին վճարում կատարելիս` Օպերատորը համարվում է Բաժանորդի գործակալ:
 
4.2. Բաժանորդը պատասխանատու է Ծառայություններից օգտվելու հետ կապված հնարավոր բոլոր ռիսկերի համար: Օպերատորը չի երաշխավորում որևէ Ծառայության պիտանիությունը որևէ հատուկ նպատակի համար: Եթե այլ բան նախատեսված չէ, Ծառայությունները չեն նախատեսվում կոմերցիոն նպատակներով օգտագործման համար:
 
4.3. Ծառայությունները պետք է լինեն հասանելի Օպերատորի ռադիոծածկույթի տարածքում: Ծառայությունների հասանելիությունը մեծապես կախված է Օպերատորի և ԱԱԾՄ-ի տեխնիկական հնարավորություններից, ինչպես նաև` նրանց վերահսկողությունից դուրս գտնվող այլ գործոններից:
 
4.4. Բաժանորդի մոտ Ծառայություններից օգտվելու հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում, այդ խնդիրների մասին պետք է 24 ժամվա ընթացքում հայտնել անմիջապես ԱԱԾՄ-ին, իսկ դրա անհնարին լինելու դեպքում` Օպերատորին: Տվյալ ժամանակահատվածից հետո որևէ բողոք չի ընդունվելու:
 
 
5. Կողմերի իրավունքները և պարտականությունները
 
5.1. Օպերատորն իրավունք ունի դադարեցնելու ցանկացած կամ բոլոր Ծառայությունների մատուցումը կամ փոփոխություններ կատարելու «Ընդհանուր պայմաններում», ինչն ուժի մեջ է մտնում Օպերատորի վեբ կայքում նշված տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո:
 
5.2. Օպերատորը պարտավոր է.
5.2.1. տրամադրել Ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ կապի ծառայություններ,
5.2.2. բաժանորդների կողմից պահանջված և/կամ նրանց մատուցած Ծառայությունների մասին տեղեկությունները պահպանել 2 (երկու) ամիս և Բաժանորդներից վճարներ գանձել այդ տվյալների համաձայն:
5.3. ԱԱԾՄ-ն պարտավոր է.
5.3.1. մատուցել Ծառայությունները` «Ընդհանուր պայմանների» և «Հատուկ պայմանների» համաձայն,
5.3.2. ցանկացած փոփոխությունից առաջ իր վեբ կայքում թարմացնել «Հատուկ պայմանները» և համապատասխան այլ տեղեկությունները,
5.3.3. բաժանորդներին մատուցել հաճախորդների սպասարկման ծառայություններ:
5.4. Բաժանորդը պարտավոր է.
5.4.1. ծառայություններից օգտվելուց առաջ ծանոթանալ «Ընդհանուր պայմաններին» և կոնկրետ Ծառայություններին վերաբերող «Հատուկ պայմաններին»,
5.4.2. ենթարկվել «Ընդհանուր պայմանների» և «Հատուկ պայմանների» պահանջներին,
5.4.3. ժամանակին կատարել վճարումները` համաձայն «Ընդհանուր պայմանների» և «Հատուկ պայմանների»,
5.4.4. ծառայությունները պահանջելու և դրանցից օգտվելու համար օգտագործել համապատասխան բջջային հեռախոս (կամ վերջնական օգտագործման այլ սարք),
5.4.5. զերծ մնալ Ծառայությունների ապօրինի նպատակով օգտագործումից, կամ այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող են ոտնահարվել այլ անձանց իրավունքները,
5.4.6. զերծ մնալ ԱԱԾՄ-ից ստացվող Ծառայության վերավաճառքից կամ որևէ բովանդակության վերաբաշխումից` առանց դրա հստակ թույլտվության:
 
 
6. Ծառայությունների դիմաց կատարվող վճարումներ
 
6.1. Օպերատորի կողմից ստացված` Ծառայությունների յուրաքանչյուր պահանջի դիմաց Բաժանորդից գանձվում է Ծառայության վճար:
 
6.2. Բաժանորդը համաձայնում և ընդունում է, որ Ծառայության վճարը գանձվում է Օպերատորի կողմից և/կամ վճարվում է Օպերատորին:
 
6.3. Կանխավճարային բաժանորդագրության դեպքում Ծառայության վճարը գանձվում է բաժանորդի հաշվից: Հետվճարային բաժանորդագրության դեպքում Ծառայության վճարը ներառվում է բաժանորդին ներկայացվող հաշիվ-ապրանքագրում:
 
6.4. Օպերատորը չի ստուգում Բաժանորդի պահանջի վավեր լինելը և փոխանցում է այն ԱԱԾՄ-ին: Եթե այլ բան նախատեսված չէ, Բաժանորդի պահանջն ԱԱԾՄ-ի պահանջներին չհամապատասխանելու կամ Բաժանորդի բջջային հեռախոսը պահանջվող Ծառայությունից օգտվելու համար պիտանի չլինելու դեպքում Ծառայության վճարը, այնուամենայնիվ, գանձվում է Բաժանորդից այնպես, ինչպես այն կգանձվեր, եթե Ծառայությունները լինեին պատշաճ կերպով պահանջված և մատուցված: ԱԱԾՄ-ն տեղեկացնում է Բաժանորդին պահանջի անվավեր լինելու մասին:
 
6.5. Բաժանորդը փոխհատուցման իրավունք կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե պահանջված Ծառայությունից օգտվելն անհնար լինի կամ Ծառայությունը լինի անհասանելի Օպերատորի կամ ԱԱԾՄ-ի մոտ տեղ գտած թերության պատճառով:
 
6.6. Կողմերը համաձայն են, որ Ծառայության վճարը ներառում է Ծառայությունների դիմաց ԱԱԾՄ-ին վճարվող գումարը և Ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելու դիմաց Օպերատորի վարձատրությունը: Կողմերից յուրաքանչյուրի վարձատրության չափը որոշվում է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
 
6.7. Անկախ «Ընդհանուր պայմանների» այլ դրույթներից, Օպերատորն իրավունք ունի ԱԱԾՄ-ից վճար գանձելու Բաժանորդներին` ԱԱԾՄ-ի կողմից պահանջվող հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու դիմաց:
 
 
7. Սպասարկում
 
7.1. Ծառայություններից օգտվելու հարցում բաժանորդների սպասարկումը և օժանդակումը սովորաբար իրականացնում է ԱԱԾՄ-ն: Օպերատորը կարող է հնարավորություն չունենալ պատասխանելու Բաժանորդի` Ծառայություններին վերաբերող հարցերին:
 
 
8. Պատասխանատվության սահմանափակում
 
8.1. Եթե Օպերատոր չի հանդիսանում ԱԱԾՄ և Ծառայությունների հասանելիության և որակի վրա չի ազդում Օպերատորի որևէ գործողություն (կամ վերջինիս անգործությունը), Օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում Ծառայությունների համար, և միայն ԱԱԾՄ-ն է լիովին պատասխանատու Ծառայությունների բովանդակության և որակի համար:
 
8.2. ԱԱԾՄ-ն է պարտավոր ապահովել, որպեսզի Ծառայություններն արգելված չլինեն օրենքով, չհակասեն հասարակական արժեքներին և բարոյական նորմերին, չխախտեն մտավոր սեփականության իրավունքը կամ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի որևէ այլ իրավունք:
 
8.3. «Ընդհանուր պայմանների» ոչ մի դրույթ կամ Օպերատորի ոչ մի գործողություն (կամ վերջինիս անգործությունը) չի կարող համարվել ԱԱԾՄ-ի որևէ գործողության (կամ վերջինիս անգործության) ակնհայտ կամ ենթադրյալ խրախուսում, Ծառայությունների բովանդակության վերաբերյալ հավանության արտահայտում կամ դրանց որակի երաշխավորում Օպերատորի կողմից:
 
8.4. Ոչ մի դեպքում Օպերատորը կամ ԱԱԾՄ-ն չեն կրում որևէ պատասխանատվություն ուղղակի, անուղղակի, պատահական կամ որպես հետևանք առաջացած վնասների կամ կորուստների (այդ թվում` բիզնեսի, հնարավորության և այլ նման կորուստների) համար, որոնք արդյունք են որևէ Ծառայության անպատշաճ լինելու, անհասանելիության կամ դադարեցման, բացի Օպերատորի կամ ԱԱԾՄ-ի մեղքով Ծառայությունն անհասանելի կամ դրանից օգտվելն անհնարին լինելու դեպքում Բաժանորդից գանձած գումարը փոխհատուցելու պարտավորությունից:
 
8.5. Ցանկացած դեպքում Բաժանորդի հանդեպ Օպերատորի և ԱԱԾՄ-ի պարտավորությունը չի կարող գերազանցել Բաժանորդից գանձված` որոշակի Ծառայության վճարը:
 
 
9. Կիրառվող օրենսդրությունը և վեճերի լուծումը
 
9.1. Ծառայությունների հետ կապված` Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
9.2. Կողմերը հնարավորինս պետք է ջանան լուծել ցանկացած վեճ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, իսկ փոխադարձ համաձայնությամբ չլուծվելու դեպքում վեճերը ենթակա են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների ընդդատությանը: