Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ

1.
Պայմանագիր
 
1.1.
Սույն Պայմանները սահմանում են «ՎիվաՍել-ՄՏՍ» և այլ ապրանքային նշանների ներքո գործող «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության (ստորև` «Օպերատոր») կողմից հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները:
 
1.2.
Օպերատորի գովազդը կամ Ծառայությունների այլ կերպ ներկայացումը Պայմանների և որևէ սակագնային պլանի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր է:
 
1.3.
Բաժանորդագրման օֆերտան համարվում է Օպերատորի կողմից ակցեպտավորված (հաստատված) Ծառայություններն ակտիվացնելու պահից, և այդ պահից օֆերտան և Պայմանները, համապատասխան սակագնային պլանի պայմանների հետ մեկտեղ, կազմում են Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված, կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր»):
 
1.4.
Չհակասելով այլ դրույթներին` սույն Պայմանները հանդիսանում են Օպերատորի կողմից նախկինում կատարված հրապարակային օֆերտայի հիման վրա նույն առարկայի վերաբերյալ կնքված պայմանագրերի պայմանները 2011թ. սեպտեմբերի 10-ից փոփոխելու հրապարակային օֆերտա: Մինչև նշված ամսաթիվը Պայմանների վերաբերյալ գրավոր առարկություն և նախկինում կնքված պայմանագրի դադարման պահանջ չստանալու դեպքում սույն Պայմանները կհամարվեն Բաժանորդի կողմից գործողությամբ ամբողջությամբ ակցեպտավորված, եթե նշված ամսաթվից հետո բաժանորդը շարունակի օգտվել Ծառայություններից:
 
 
2.
Սահմանումներ
 
 
Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը.
 
«Անձնական հաշիվ». Բիլինգային համակարգում վարվող անալիտիկ հաշիվ, որն օգտագործվում է Բաժանորդից ստացվող վճարումների և նրան մատուցվող ծառայությունների հաշվառման համար:
 
«Բաժանորդ». ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ակցեպտավորել է սույն հրապարակային օֆերտան:
 
«Բաժանորդային սարքավորում». Օպերատորի շարժական ցանցի և SIM քարտի հետ համատեղելի հեռախոսային կամ այլ սարքավորում, որի միջոցով Բաժանորդը կարող է օգտվել Ծառայություններից:
 
«Բիլինգային համակարգ». հաշվարկների վարման ավտոմատացված համակարգ:
 
«Գաղտնաբառ». տառերի և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի (լիազորված անձի) նույնականացման համար:
 
«Ծառայություններ». Օպերատորի կողմից Պայմանագրի համաձայն մատուցվող շարժական էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայություններ: Օպերատորի կողմից նախատեսված դեպքերում` Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի կողմից նշված երրորդ անձանց կողմից: Բացի այդ, Օպերատորը հնարավորություն է ընձեռում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունները Բաժանորդին հասանելի դարձնելու համար` նման երրորդ անձանց հետ հարաբերություններում հանդես գալով որպես Բաժանորդի գործակալ, որը գործում է սեփական անունից, սակայն Բաժանորդի հաշվին և հանձնարարությամբ:
 
«Կողմ». Պայմանագրի կողմ հանդիսացող անձ` Օպերատորը կամ Բաժանորդը:
 
«Հեռախոսի համար». համարագրման պլանի համար, որն օգտագործվում է շարժական ցանցում Բաժանորդի կամ այլ թույլատրելի օգտագործողի նույնականացման և Պայմանագրի համաձայն Ծառայությունների մատուցման նպատակով:
 
«Պայմաններ». սույն ընդհանուր պայմանները:
 
«Օպերատոր». սույն Պայմանների 1.1. կետում նշված ընկերությունը, որը պատշաճ կերպով հիմնադրված է Հայաստանի Հանրապետությունում և ունի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ լիցենզիաներ և թույլտվություններ:
 
«SIM քարտ». տեխնիկական հարմարանք, որին վերագրված է Հեռախոսային համար և որը Բաժանորդի կողմից Բաժանորդային սարքավորման հետ միասին օգտագործվում է Ծառայությունները ստանալու համար: Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրված SIM քարտը մնում է Օպերատորի սեփականությունը և այն չի կարող Բաժանորդի կողմից օտարվել երրորդ անձի: Ինքնին SIM քարտն առևտրային արժեք չի ներկայացնում: SIM քարտը նախատեսված է անհատական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ սակագնային պլանով:
 
 
3.
Ծառայություններ
 
3.1.
Ծառայությունների նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից:
 
3.2.
Ծառայությունները մատուցվում են Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
 
3.3.
Այլ բան սահմանված չլինելու դեպքում Ծառայությունները մատուցվում են շուրջօրյա, առանց ընդհատումների, տարվա բոլոր օրերին: Ծառայությունների մատուցումը կարող է սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որոնց մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով: Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները վերացնելու համար:
 
3.4.
Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդը սեփական հայեցողությամբ և ծախսով ձեռք է բերում և օգտագործում է Օպերատորի կողմից և օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող (եթե այդպիսիք սահմանված են), Օպերատորի հանրային շարժական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի հետ համատեղելի Բաժանորդային սարքավորում:
 
3.5.
Օպերատորն իրավունք ունի կիրառելու հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից վաճառվող և/կամ օգտագործման/տիրապետման իրավունքով տրամադրվող Բաժանորդային սարքավորումների նկատմամբ:
 
3.6.
Բաժանորդն ապահովում է Օպերատորի կողմից տրամադրված SIM քարտի պահպանությունը: Այն դեպքում, երբ Օպերատորը տեղեկացված չէ SIM քարտի կորստի կամ հափշտակման մասին, համարվում է, որ SIM քարտն օգտագործվում է Բաժանորդի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ և թույլտվությամբ:
 
3.7.
Ծառայությունների ստացման հնարավորությունը, դրանց տեխնիկական և/կամ որակական հատկանիշները կարող են կախված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` Բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, այլ օպերատորների ցանցերի անկանոն աշխատանքից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների նորմալ շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, տեղանքի առանձնահատկություններից և օդերևութաբանական պայմաններից:
 
3.8.
Մատուցվող ծառայությունների ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` Պայմանագրի և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:
 
3.9.
Տեխնիկական անհրաժեշտության կամ օրենսդրությամբ նախատեսված դեպքում Օպերատորը կարող է փոփոխել Հեռախոսի համարը` այդ մասին նախապես ծանուցելով Բաժանորդին:
 
3.10.
Բաժանորդին մատուցված Ծառայությունների ծավալը որոշվում է Բիլինգային համակարգի կողմից, այդ թվում` այլ ծառայություններ մատուցողների կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
 
3.11.
Օպերատորը պարտավոր չէ 3 (երեք) ամսից ավելի պահպանել մատուցված Ծառայությունների մասին տեղեկատվությունը:
 
 
4.
Օպերատորի իրավունքներն ու պարտավորությունները
 
4.1.
Օպերատորը պարտավոր է
 
4.1.1.
Պայմանագրի գործողության ընթացքում Ծառայություններից օգտվելու համար Բաժանորդին հատկացնել Հեռախոսի համար և տրամադրել SIM քարտ, եթե տվյալ Ծառայությունից օգտվելու համար դրանք անհրաժեշտ են:
 
4.1.2.
Առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում ապահովել Ծառայություններից օգտվելու հնարավորություն:
 
4.1.3.
Բաժանորդին տրամադրել տեղեկատվություն Օպերատորի շարժական ցանցի ծածկույթի, Բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանով նախատեսված Ծառայությունների ցանկի, Ծառայությունների մատուցման պայմանների, մատուցված Ծառայությունների ծավալի և Անձնական հաշվի մնացորդի մասին:
 
4.1.4.
Բաժանորդի պահանջով տրամադրել մատուցված Ծառայությունների վերծանումները, ինչի համար Օպերատորը կարող է գանձել ծառայության վճար:
 
4.2.
Օպերատորն իրավունք ունի
 
4.2.1.
Պայմանագրով կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն սահմանելու և ժամանակ առ ժամանակ փոփոխելու սակագնային պլանները, Ծառայությունների ցանկը, դրանց մատուցման պայմանները, սակագները և կանոնները:
 
4.2.2.
Կարճաժամկետ սահմանափակում կիրառելու Ծառայությունների ծավալների նկատմամբ` ելնելով տեխնիկական անհրաժեշտությունից:
 
4.2.3.
Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում միակողմանիորեն կասեցնելու Ծառայությունները (դրանց մասը) կամ դադարեցնելու Պայմանագիրն` առանց որևէ ծանուցման:
 
4.2.4.
Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում կիրառելու պատասխանատվության միջոցներ:
 
 
5.
Բաժանորդի իրավունքներն ու պարտավորությունները
 
5.1.
Բաժանորդը պարտավոր է
 
5.1.1.
Կատարել Պայմանագրի և Ծառայությունների մատուցման պայմանների և կանոնների պահանջները, հետևել դրանց փոփոխություններին:
 
5.1.2.
Ժամանակին վճարել Ծառայությունների դիմաց, իսկ նախատեսված դեպքերում կատարել երաշխիքային դեպոզիտ կամ կանխավճար:
 
5.1.3.
SIM քարտը պահպանել պատշաճ և ապահով վիճակում և չթույլատրել SIM քարտի օգտագործումը նման լիազորություն չունեցող անձանց կողմից:
 
5.1.4.
Չօգտագործել Ծառայությունները օրենքին հակասող նպատակներով:
 
5.1.5.
Առանց Օպերատորի գրավոր համաձայնության չօգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու, գովազդ կամ զանգվածային հաղորդագրություններ տարածելու, քվեարկություններ, վիճակախաղեր կամ մրցույթներ կազմակերպելու համար:
 
5.1.6.
Չօգտագործել SIM քարտը որևէ անհամատեղելի սարքի հետ և որևէ եղանակով, որը կարող է ազդել հեռահաղորդակցության ցանցերի կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
 
5.1.7.
Չօգտագործել SIM քարտը և Բաժանորդային սարքավորումը վայրերում, որտեղ դրանց օգտագործումն արգելված կամ սահմանափակված է (օրինակ` ավտոլցակայանում, օդանավում, մշակույթի օջախներում և այլն):
 
5.1.8.
Զերծ մնալ Ծառայությունների այնպիսի օգտագործումից, որի արդյունքում կարող են խախտվել Օպերատորի կամ այլ անձանց իրավունքները, կամ նրանց կարող է պատճառվել անհարմարություն:
 
5.1.9.
Անհապաղ տեղեկացնել Օպերատորին SIM քարտի կորստի կամ հափշտակման մասին` Օպերատորին ներկայացնելով SIM քարտի նկատմամբ իրավունքները և Բաժանորդի (լիազորված անձի) ինքնությունը հաստատող բավարար ապացույցներ:
 
5.2.
Բաժանորդն իրավունք ունի
 
5.2.1.
Օպերատորի մոտ տեխնիկական հնարավորության սահմաններում ստանալու տեղեկատվություն առաջարկվող Ծառայությունների, կիրառվող սակագների, մատուցված Ծառայությունների ծավալի, գանձված գումարների և Անձնական հաշվի ընթացիկ մնացորդի մասին:
 
5.2.2.
Օրենսդրությամբ կամ Օպերատորի կողմից սահմանված կանոններով նախատեսված դեպքերում և տեխնիկական հնարավորության սահմաններում հրաժարվելու Օպերատորի կողմից շարժական ցանցի միջոցով տարածվող գովազդային և/կամ տեղեկատվական հաղորդագրությունների ստացման հնարավորությունից, որն այլապես համարվում է տրված:
 
 
6.
Հաշվարկներ
 
6.1.
Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված սակագնային պլանի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք հրապարակվում են Օպերատորի վեբ կայքում և ներկայացվում Օպերատորի սպասարկման կենտրոններում:
 
6.2.
Կախված սակագնային պլանից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:
 
6.3.
Բաժանորդը պետք է անհապաղ գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցի Օպերատորի համապատասխան ծառայություններին SIM քարտի կորստի կամ հափշտակության մասին, իսկ Օպերատորը պետք է շուտափույթ գործողություններ ձեռնարկի SIM քարտի սպասարկումը դադարեցնելու ուղղությամբ Բաժանորդի պատշաճ ծանուցումը ստանալու պահից սկսած 24 (քսանչորս) ժամվա ընթացքում: Բաժանորդը կրում է SIM քարտի կորստի, հափշտակման, վնասման (այդ թվում` բնական մաշվածության) հետ կապված ռիսկերը: Մինչև SIM քարտի սպասարկումը դադարեցնելը դրա տիրապետողին մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները գանձվում են Բաժանորդից:
 
6.4.
Օպերատորը կարող է գանձել վճար կասեցված Ծառայությունները վերականգնելու, անջատված SIM քարտը վերամիացնելու, կորցրած/հափշտակված կամ փչացած SIM քարտը նոր SIM քարտով փոխարինելու համար:
 
6.5.
Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ Ծառայությունների համար գանձվող գումարները կարող են Անձնական հաշվում արտացոլվել ուշացումով (օրինակ` ռոումինգային ծառայությունների դեպքում):
 
6.6.
Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
 
6.7.
Կանխավճարային բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից.
 
6.7.1.
Ծառայությունները մատուցվում են Անձնական հաշվում առկա միջոցների և Օպերատորի կողմից սահմանված ժամկետի սահմաններում:
 
6.7.2.
Օպերատորը սեփական հայեցողությամբ կարող է ապառիկ հիմունքներով Ծառայություններ մատուցել Բաժանորդին, և, նման Ծառայություններից օգտվելու դեպքում, Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետում մարել մատուցված Ծառայությունների համար հաշվարկված գումարները:
 
6.7.3.
Մատուցված Ծառայություններին համապատասխանող գումարները ուղղակիորեն նվազեցվում են Անձնական հաշվի մնացորդից, և Օպերատորն ապահովում է հնարավորություն Անձնական հաշվի մնացորդն էլեկտրոնային կամ այլ եղանակով ստուգելու համար:
 
6.7.4.
Կանխավճարված գումարը սահմանված ժամկետում, որի տևողությունը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել 3 (երեք) տարին, ամբողջությամբ օգտագործված չլինելու դեպքում Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ և առանց ծանուցման զրոյացնել Անձնական հաշվի մնացորդը:
 
6.7.5.
Բաժանորդը պարտավոր է սակագնային պլանով նախատեսված ժամկետներում կատարել կանխավճար («վերալիցքավորել» SIM քարտը) և այլ կիրառելի վճարումներ:
 
6.7.6.
Անձնական հաշվի վրա միջոցների բացակայության դեպքում Օպերատորը կարող է առանց ծանուցման արգելափակել ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը:
 
6.7.7.
Սակագնային պլանով նախատեսված ժամկետում Անձնական հաշվի մնացորդի համալրմանն ուղղված վճարում չստանալու, ինչպես նաև անկախ պատճառներից` ելքային հաղորդակցությունների ավելի քան 6 (վեց) ամսվա ընթացքում անընդմեջ արգելափակված լինելու դեպքում Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ, առանց որևէ ծանուցման, SIM քարտի սպասարկման դադարեցման միջոցով լուծել Պայմանագիրը:
 
6.7.8.
Կանխավճարների ստացման գործընթացը հեշտացնելու նպատակով, Օպերատորը կարող է թողարկել կանխավճարային (վերալիցքավորման) քարտեր կամ թույլատրել վճարման այլ եղանակներ:
 
6.7.9.
Կանխավճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ այն դեպքերի, երբ Ծառայությունների մատուցումը հնարավոր չէ:
 
6.8.
Հետվճարային (ապառիկ) բաժանորդագրության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Օպերատորի կողմից.
 
6.8.1.
Օպերատորը պարտավոր է Բիլինգային համակարգի տվյալների հիման վրա պատրաստել ամսական ամփոփ հաշիվներ և դրանք հասանելի դարձնել համապատասխան սպասարկման կենտրոններին մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը:
 
6.8.2.
Հաշիվները կարող են դուրս գրվել և պահվել էլեկտրոնային տեսքով:
 
6.8.3.
Սակագնային պլանով նախատեսված լինելու կամ Բաժանորդի կողմից պատվիրված լինելու դեպքում ամփոփ հաշիվները փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին:
 
6.8.4.
Ցանկացած դեպքում Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել իր ամսական պարտքը և մարել այն մինչև հաջորդ ամսվա 15-րդ օրը: 
 
6.8.5.
Վճարման պարտավորությունը համարվում է կատարված այն պահին, երբ վճարված գումարը հանձնվում է Օպերատորի դրամարկղ կամ` մուտքագրվում Օպերատորի բանկային հաշվին: Բանկային վճարումները, ինչպես նաև Օպերատորի գործակալների միջոցով կատարված վճարումները, արտացոլվում են Օպերատորի Բիլինգային համակարգում մինչև վճարման կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը:
 
6.8.6.
Բաժանորդը պարտավոր է ժամանակին կատարել վճարումները` անկախ վճարման եղանակից, առաքված ամսական հաշվի ստացման փաստից, և հաշվի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու հանգամանքից:
 
6.8.7.
Վճարում կատարելիս` Բաժանորդը պարտավոր է վճարման փաստաթղթում ճշգրիտ նշել իր հեռախոսի համարը:
 
6.8.8.
Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ և, մասնավորապես, Բաժանորդի վարկային պատմության ոչ բավարար լինելու դեպքում, կիրառել օգտագործման սահմանափակումներ:
 
6.8.9.
Բաժանորդը կարող է ուղղակի պարտագրման պայմանավորվածություններ ձեռք բերել Օպերատորի կողմից ընդունելի բանկի հետ, որով կլիազորի Օպերատորին գանձել ամսական հաշիվները Բաժանորդի բանկային հաշվից կամ վարկային քարտից և ստանալ տեղեկատվություն գանձված գումարների կամ գումարն ամբողջությամբ գանձելու անհնարինության մասին:
 
6.8.10.
Վճարումները սահմանված ժամկետում չստանալու և/կամ նախատեսված սահմանափակումները գերազանցելու դեպքում Օպերատորն իրավունք ունի առանց որևէ ծանուցման արգելափակելու ելքային հաղորդակցությունից և/կամ այլ Ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Վճարումը սահմանված ժամկետից հետո 2 (երկու) շաբաթվա ընթացքում չստանալու դեպքում Օպերատորն իրավունք ունի ամբողջությամբ կասեցնելու Ծառայությունները: Ծառայությունները մասամբ կամ ամբողջությամբ արգելափակելը/կասեցնելը հիմք չէ ամսական բաժանորդավճարը չհաշվարկելու համար:
 
6.8.11.
Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում Պայմանագիրը կհամարվի դադարեցված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը 2 (երկու) ամսվա ընթացքում չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար` անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից:
 
6.8.12.
Եթե Բաժանորդն օգտվում է մեկից ավելի Հեռախոսի համարներից և սահմանված ժամկետում ամբողջությամբ չի վճարել որևէ Հեռախոսի համարի ամսական հաշիվը, ապա Օպերատորը կարող է կիրառել 6.8.10. կետում նշված միջոցները Բաժանորդի բոլոր SIM քարտերի նկատմամբ:
 
6.8.13.
Օպերատորն իրավունք ունի օգտագործելու Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի գումարը Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար:
 
6.8.14.
Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ ԱՄՆ դոլարով ինդեքսավորելու ժամկետանց վճարումների գումարները:
 
 
7.
Բաժանորդի տվյալները
 
7.1.
Բաժանորդը պարտավոր է Օպերատորի պահանջով և Օպերատորի կողմից ընդունելի եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
 
7.1.1.
Ֆիզիկական անձը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ:
 
7.1.2.
Իրավաբանական անձը` պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված իրավաբանական անձի կնիքով (եթե իրավաբանական անձն ունի կնիք), և իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը:
 
7.2.
Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ներկայացնել պետական գրանցման վկայականի պատճենը` հաստատված անձի ստորագրությամբ, և անձը հաստատող փաստաթուղթ:
 
7.3.
Անհրաժեշտության դեպքում Օպերատորը կարող է Բաժանորդից պահանջել նաև այլ փաստաթղթեր կամ փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճեններ:
 
7.4.
Եթե փաստաթղթերի տրամադրումը պահանջվել է Օպերատորի կողմից, ապա դրանցով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 1 (մեկ) ամսվա ընթացքում հայտնել այդ մասին Օպերատորին:
 
7.5.
Օպերատորը պարտավոր չէ վերականգնել կորցրած/հափշտակված SIM քարտը կամ SIM քարտին վերագրված Հեռախոսի համարը, եթե Օպերատորի մոտ Բաժանորդի անձնական տվյալները հաշվառված չլինելու պատճառով հնարավոր չէ հաստատել Բաժանորդի ինքնությունը:
 
 
8.
Գաղտնիություն
 
8.1.
Բաժանորդի մասին տվյալները, նրան մատուցված Ծառայությունների տեսակի, վայրի, ժամանակի և ծավալի մասին տեղեկությունները համարվում են գաղտնի և չեն բացահայտվում Օպերատորի կողմից, բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով կամ անհրաժեշտ է Օպերատորի իրավունքների պաշտպանության համար, այդ թվում` ժամկետանց պարտավորությունների զիջման դեպքում:
 
8.2.
Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում Օպերատորն իրավունք ունի փոխանցելու Բաժանորդի անհատական տվյալները և պարտքի չափի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում գործող բանկերին, այլ ֆինանսական կազմակերպություններին` Բաժանորդի կամ նրա կողմից լիազորված անձանց կողմից պարտքի չափի ճշտում և վճարում կատարելու հնարավորության ստեղծման համար:
 
 
9.
Պատասխանատվություն
 
9.1.
Բաժանորդը սեփական ռիսկով է օգտվում Օպերատորի և երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայություններից: Օպերատորը չի կարող որոշել ծառայությունների համապատասխանությունը Բաժանորդի կարիքներին:
 
9.2.
Յուրաքանչյուր Կողմ պատասխանատվություն է կրում Պայմանագրի կատարման ընթացքում մյուս Կողմին պատճառած իրական վնասների համար: Կողմերը հրաժարվում են և զերծ են պահում միմյանց անուղղակի վնասների և բաց թողնված օգուտների հատուցման պահանջներից:
 
9.3.
Օպերատորը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանման հետևանքով Ծառայությունների ընդհատման կամ այլ խափանման համար:
 
9.4.
Ցանկացած պարագայում Օպերատորի պատասխանատվությունը չի կարող գերազանցել Բաժանորդի կողմից փաստացի վճարված միջին ամսական գումարի` Օպերատորի մեղքով Ծառայություններից օգտվելու անհնարինության ժամկետին համապատասխան` համամասնորեն հաշվարկված գումարը:
 
 
10.
Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր)
 
 
Կողմերը պատասխանատվություն չեն կրում Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու կամ դրանց կատարումն ուշացնելու համար, եթե դա հետևանք է ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի, այլ բնական աղետի, պատերազմական գործողության, զինված հարձակման, պայթյունի, զանգվածային խռովության, գործադուլի, պետական մարմնի կողմից ընդունված ակտի, մայրուղային ենթակառուցվածքների խաթարման, էլեկտրասնուցման կրճատման կամ թերացած Կողմի վերահսկողությունից դուրս այլ իրադարձության:
 
 
11.
Կիրառվող օրենսդրությունը
 
 
Պայմանագիրը կարգավորվում և մեկնաբանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության նյութաիրավական նորմերի:
 
 
12.
Պայմանագրի լեզուն
 
 
Պայմանագիրը կնքվում է հայերեն լեզվով: Բաժանորդի հարմարության համար Պայմանագիրը, ինչպես նաև կիրառվող սակագները և կանոնները կարող են թարգմանվել և հրապարակվել նաև այլ լեզուներով, սակայն նման թարգմանությունների և հայերեն տարբերակի միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:
 
 
13.
Բողոքների ներկայացման և վեճերի լուծման կարգը
 
13.1.
Բաժանորդը պարտավոր է ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատասխանությունների մասին Ծառայությունների մատուցման համապատասխան ամսվա ավարտից հետո 45 (քառասունհինգ) օրվա ընթացքում, և եթե սահմանված ժամկետում Բաժանորդը որևէ անհամապատասխանության մասին չի հայտնել Օպերատորին, ապա հաշիվը համարվում է Բաժանորդի կողմից անվերապահորեն հաստատված և ընդունված, և Օպերատորը չի ընդունի այդ հաշվի ժամանակահատվածին վերաբերող որևէ հետագա պահանջներ և առարկություններ:
 
13.2.
Դժգոհություններ կամ առաջարկներ ունենալու դեպքում Բաժանորդը կարող է դիմել Օպերատորին` ներկայացնելով գրություններ, այդ թվում` էլեկտրոնային փոստով, այցելելով Օպերատորի սպասարկման կենտրոններ կամ զանգահարելով Օպերատորի «թեժ գիծ» շուրջօրյա ծառայություն: Օպերատորը իր կողմից սահմանված կանոնների համաձայն ընդունում է բողոքների և առաջարկների վարման ներքին ընթացակարգեր, որոնք փակցվում են սպասարկման կենտրոններում և տեղադրվում Օպերատորի վեբ կայքում: Օպերատորը պարտավոր է արձագանքել ստացված բողոքներին և առաջարկներին իր կողմից ընդունված ընթացակարգերով սահմանված ժամկետներում և կարգով: Բաժանորդի պահանջով գրավոր բողոքներին և առաջարկներին պետք է տրվի գրավոր պատասխան:
 
13.3.
Կողմերը պետք է ձգտեն լուծել ծագած վեճերը բարյացակամորեն` բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով: Փոխադարձ համաձայնության չգալու դեպքում վեճերն ընդդատյա են Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին: Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի վեճերի լուծման համար դիմելու 15-րդ կետում նշված` Օպերատորի գլխամասային գրասենյակի գտնվելու վայրի դատարաններին:
 
 
14.
Գործողության ժամկետը և Պայմանագրի պայմանների փոփոխումը
 
14.1.
Սույն Պայմաններն ուժի մեջ են մտնում 2011թ.-ի սեպտեմբերի 10-ից: Նշված ամսաթվից Օպերատորի կողմից նախկինում կատարված կանխավճարային և հետվճարային ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտան («Շարժական կապի ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ») համարվում է ուժը կորցրած, և բոլոր նոր բաժանորդագրությունները պետք է կարգավորվեն սույն Պայմաններով:
 
14.2.
Սույն Պայմաններն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող սակագնային պլանները և Ծառայությունների մատուցման այլ պայմանները և կանոնները մնում են ուժի մեջ:
 
14.3.
Այլ բան սահմանված չլինելու դեպքում Պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
 
14.4.
Բաժանորդն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` այդ մասին առնվազն 5 (հինգ) օր առաջ կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ ժամկետում գրավոր ծանուցելով Օպերատորին և կատարելով վերջնահաշվարկ փաստացի մատուցված Ծառայությունների համար:
 
14.5.
Օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու Պայմանագիրը` Բաժանորդի կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում, ինչպես նաև օրենքով, Պայմանագրով, սակագնային պլանով կամ Օպերատորի կողմից սահմանված այլ կանոններով նախատեսված դեպքերում:
 
14.6.
Պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է անհապաղ մարել բոլոր պարտավորությունները Օպերատորի նկատմամբ:
 
14.7.
Պայմանագրի լուծման հետևանքով և/կամ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով Հեռախոսի համարի ազատման դեպքում Օպերատորն իրավունք ունի սեփական հայեցողությամբ օգտագործելու այն:
 
14.8.
Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) Պայմանագրի պայմանները, այդ թվում` կիրառվող սակագնային պլանները, սակագները և կանոնները փոփոխելու մասին` այդ փոփոխություններն առնվազն 3 (երեք) օր առաջ Օպերատորի պաշտոնական վեբ կայքում հրապարակելու և սպասարկման կենտրոններում հայտարարելու, ինչպես նաև. անհրաժեշտության դեպքում` այդ մասին Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում ունեցող առնվազն մեկ զանգվածային լրատվամիջոցում հրապարակային հայտարարություն տեղադրելու միջոցով:
 
14.9.
Պայմանագրի 14.8. կետի համաձայն առաջարկված փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով դադարեցնելու Պայմանագիրը` մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետը` այդ մասին գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Օպերատորին, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ Օպերատորի կողմից և Բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի Բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
 
 
15.
Օպերատորի վավերատարրերը
 
 
«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
ՀՎՀՀ 01551651, Հ/հ 247011333330 «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում
Վեբ կայք` www.vivacell.am, www.mts.am
 

Ծանոթություն

Հետվճարային քարտի համար արտերկրից վճարում կատարվելու դեպքում Օպերատորը, ղեկավարվելով «Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանների» 5.1.4 և 4.2.4 կետերով, իրավունք է վերապահում իրեն պայմանագրի դադարման կամ համապատասխան այլ դեպքերում չվերադարձնելու անձնական հաշվին առկա գումարը` ամբողջությամբ կամ արտերկրից ստացված բոլոր վճարումների գումարի չափով, եթե ընկերության համոզմամբ  բաժանորդի գործողություններում առկա է օրենսդրությամբ արգելված գործողություն: