Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան: Նոր սարքավորումներով հագեցած լսարանները կրթական մոտիվացնող միջավայր են ապահովում:
Հինգ տարվա ընթացքում՝ 2019 թվականից մինչև օրս, ուսանողների և ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ապահովելու նպատակով, գործընկեր կազմակերպությունները 11 լսարան և համատեղ աշխատանքի տարածք են բացել ՀԱՊՀ-ում: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է 184 մլն դրամ:
Կրթական ժամանակակից պայմաններով լսարանների գործարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, բուհի ռեկտորը և պրոֆեսորադասախոսական կազմը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ու ներկայացուցիչներ, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը և միության այլ անդամներ։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ողջույնի խոսքում նշել է, որ կրթության և բիզնեսի միջև կապերի ամրապնդման համար կարևոր են ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, այլ նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կրթական ծրագրերի մշակումը և ներդրումը, որոնք առավելապես կհամապատասխանեն շուկայի փոփոխվող պահանջներին։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև տնտեսական աճի ներառականության ապահովման գործում տեխնոլոգիաների նշանակությունը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել դրանց կիրառության անհրաժեշտությանը տնտեսության տարբեր ճյուղերում, ինչին ուղղված քայլ է նաև Վիվա-ՄՏՍ-ի ու ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր ստեղծված կենտրոնը:
«Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ ինքս 1997-ից մինչև 2006 թթ. հենց այս հարկերում եմ անցել բակալավրից մինչև մագիստրոս, այնուհետև՝ թեզի պաշտպանության Ճանապարհը: Շատ հաճելի է տեսնել միջավայրի փոփոխությունն ու ՏՀՏ միության և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը: Իրականում, կրթական միջավայրի փոփոխությունը, դրա՝ ժամանակի պահանջներին, մտածողությանն ու ինովացիոն տեխնոլոգիաներին համապատասխանեցնելը ոչ միայն կարևոր է, այլև՝ անհրաժեշտ: Կարծում եմ՝ այն, ինչ այստեղ ստեղծվել է տարիների ընթացքում, կմոտիվացնի ուսանողներին և կնպաստի ավելի մեծ հոսքի ձևավորմանը՝ բնական գիտությունների և ինժեներության ուղղությամբ: Դա ռազմավարական կարևոր ուղղություն է մեր պետության համար»,- ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:
«Եթե կրթական համակարգը ճկուն չլինի՝ երիտասարդությունը պարզապես հետ կմնա ժամանակակից աշխարհի զարգացումներից: Այդ ամենը թույլ չտալու համար, մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ գործնական քայլեր ենք կատարել տարիներ առաջ: Մեր ուշադրության կենտրոնում է եղել և´ մատուցվող նյութի բովանդակությունն ու դրա պահանջված լինելը, և´ մոտիվացնող միջավայրի ստեղծումը: Ամեն ինչ պետք է լինի տրամադրող, զարգացնող և ժամանակակից: Այս լսարանում սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը: Ավելին, արդեն ոչ ոքի հնարավոր չէ զարմացնել բջջայինով «խելացի տուն» կամ «խելացի այգի» կառավարելու հնարավորությամբ: Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության (data science), վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ: Կրթական միջավայրը պետք է լինի տրամադրող, լաբորատորիաները՝ հագեցած, դասավանդողները՝ փորձառու, դասավանդման նյութը՝ գործնականում փորձարկված: Կրթական համակարգը պետք է թողարկի պահանջարկված մասնագետների, և այս գործում մեծ է բուհ-բիզնես կապի անընդհատությունը: Մենք հենց դրա համար ենք այստեղ»,- ասել է Վիվա-ՄՏՍ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Միջոցառման ընթացքում կայացել է նաև «Հեռահաղորդակցություն և կապ, IoT համակարգեր» դպրոցական ծրագրի շնորհանդեսը։ Ըստ էության, սա 2015 թվականից մեկնարկած կարևոր գործընթացի ձեռքբերում է: Համատեղ ջանքերով, ԿԳՄՍ նախարարությունը, Վիվա-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և ՏՀՏ գործատուների միությունն ավագ դպրոցներում սկսել են իրականացնել ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիր, որը երկարաժամկետ ներդրում է ՏՀՏ ոլորտում երիտասարդների մասնագիտացման ուղղությամբ:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է լաբորատոր 3 ստենդ՝ «Խելացի տուն», «Պաշտպանված տուն» և «Խելացի այգի»։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: